Գյումրիում ավտոերթի ընթացքում տարեցներին հարվածելու գործով 5 կալանավորված կա. ՔԿ

Մեկուսարան
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևան–Գյումրի ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց հարվածելու գործով կալանավորվել է երթի ևս մեկ մասնակից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ իրավապահների ձեռնարկված միջոցառումների ընթացքում պարզվել են տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 8-ին ընդդիմության կազմակերպած ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և ավտոերթի մասնակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Ըստ ՔԿ–ի` ավտոերթի մասնակիցները կանգառում կանգնած տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետև իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:
Երիտասարդների արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Մեղադրյալներից 5-ը կալանավորվել են»,– ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրգործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Հիշեցնենք` ընդդիմադիրները հայտարարել են, որ կանգառում տեղի ունեցածը սադրանք էր. հավաքվածները մինչ այդ ձվերով, քարերով հարվածել են երթի մասնակիցների ավտոմեքենաներին, հայհոյանքներ հնչեցրել։