ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումն այսօր երեկոյան կրկին հանրահավաք է անցկացնելու Ֆրանսիայի հրապարակում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Հավաքվելու ենք ժամը 19։30-ին, այն մի քիչ այլ ֆորմատով է լինելու։ Աշխատանքային զրույց ենք ունենալու մեր քաղաքացիների հետ, որովհետև անմիջական շփումը հաճախ շատ կարևոր է։ Կխոսենք մեր արած աշխատանքների մասին, կամփոփենք դրանք ու կհայտնենք վաղվա անելիքների մասին»,– նշեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ վաղը երեկոյան և՛ հանրահավաք կլինի, և՛ երթ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։