ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ստեփանակերտում, վառ ապացույց է, որ հայը չի հանձնվելու ու թույլ չի տալու, որ ինչ-որ մարդիկ իր փոխարեն որոշումներ ընդունեն ու կործանեն հայկական երկու պետությունները։ Այսօր Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքում հայտարարեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Որևէ մեկը չի կարող խոսել նշաձող իջեցնելու մասին, որովհետև այսքան տարիներ շարունակ մենք բանակցային գործընթացում բավական հաջողություններ ենք ունեցել, որպեսզի մեր միջազգային ինքնորոշման իրավունքի հիմքի վրա մեր անկախության ճանաչումը ի վերջո ձեռք բերենք։ Այն, ինչ այսօր ասում է պաշտոնական Հայաստանը, ուղիղ ցիտում է Ադրբեջանի խոսքն ու ցանկությունը, որովհետև դրանից ներքև նշաձողն իջեցնելը նշանակում է ուղղակի որպես ազգային փոքրամասնություն ապրելու իրավունք ունենալ մեր հայրենիքում»,- ասաց պատգամավորը։
Հակոբյանը շեշտեց, որ արցախցին ոչ միայն չի գնալու Արցախից, ինչպես ակնկալում են ոմանք, այլև շարունակելու է պայքարել հանուն հայորդիների արյամբ սրբացած իր հայրենիքի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին խորհրդարանում ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։