ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մեկնել է արտերկիր։
Մամուլում ու սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հաստատել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։
«Արթուր Վանեցյանը կարճատև այցով, առողջական հարցերով մեկնել է Եվրոպա»,- գրել է Հակոբյանը։
Նա նաև նշել է, որ Վանեցյանի ժամանակավոր բացակայությունը չի ազդի այսօր նախանշված բողոքի ակցիաներին նրա կուսակիցների մասնակցության վրա։
«Մեր թիմն ամբողջական կազմով մասնակցելու է այսօր նախատեսված համապետական հանրահավաքին, իսկ Արթուր Վանեցյանը Հայաստան վերադառնալուն պես կշարունակի պայքարը»,- նշել է Հակոբյանը։
Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար է հրապարակել, որում Վանեցյանը նստած է ինքնաթիռում։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված «Դիմադրություն» շարժումն ու ընդդիմադիր քաղաքական ուժերն այսօր` մայիսի 28-ին, ժամը 16։00-ին Սարդարապատից ավտոերթ են նախատեսել դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 18։00-ին համապետական հանրահավաք են հրավիրել։
Մայիսի 28-ին Երևանի հանրահավաքին զուգահեռ հանրահավաք է նախատեսված նաև Ստեփանակերտում։