Փարիզի քաղաքապետն այցելել է Ծիծեռնակաբերդ ու Եռաբլուր

Անն Իդալգոն ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ ու 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին։
Sputnik
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Իդալգոն Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այնուհետ Փարիզի քաղաքապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Անն Իդալգոն ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների շիրիմներին, զրուցել նրանց ծնողների հետ:
Հիշեցնենք` Փարիզի քաղաքապետը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մայիսի 26-ին։