Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմը հաջողությամբ չպսակվեց. հայ քաղաքական գործիչ

Արման Աբովյան
Ըստ Արման Աբովյանի՝ ռուսական տնտեսությունն արտաքին ճնշման պայմաններում պարադոքսալ կենսունակություն ցույց տվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ռուսաստանի դեմ հայտարարված տնտեսական պատերազմը ծնկի չբերեց և չտապալեց նրան։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցների առաջին փուլում արևմտյան շատ հեղինակավոր պարբերականներ և վերլուծական կենտրոններ ռուսական տնտեսության համար տարբեր ապոկալիպտիկ սցենարներ էին նկարում` զանգվածային ընդվզումներ, գործադուլներ, ռուսական արժույթի արժեզրկում` գրեթե մինչև 200 ռուբլի մեկ դոլարի դիմաց:
«Այսօր մենք տեսնում ենք, որ ռուբլին որոշ տուրբուլենտային իրավիճակից հետո բավականին ամրապնդվել է, և այժմ ռուսական արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ նույնիսկ ավելի բարձր է, քան Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից առաջ։ Ռուսաստանը շատ մանրակրկիտ պատրաստվել է պատժամիջոցներին»,- ասաց Աբովյանը։
Ըստ քաղաքական գործչի` Ռուսաստանը հերթական անգամ ցույց տվեց, որ իր տնտեսությունը հսկայական ներուժ ունի, և այն կարող է գոյություն ունենալ ու զարգանալ անգամ սահմանափակ, ինչպես նաև արտաքին ճնշման պայմաններում: Անշուշտ, պատժամիջոցները զգալի վնաս են հասցնում Ռուսաստանին, շատ ուժեղ հարվածում են բոլոր ոլորտներին, բայց նաև եվրոպական տնտեսությանը։
Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ եվրոպական առաջատար տնտեսությունների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ծանր արդյունաբերությունը հիմնականում աշխատում է ռուսական գազով։ Եվ որքան էլ խոսվի ռուսական էներգակիրներից հրաժարվելու մասին, գործնականում դա իրականացնելը շատ ավելի բարդ է: Այլ կերպ ասած` համաշխարհային տնտեսության փոխկապվածության մակարդակը վերջիվերջո թույլ չտվեց «անջատել» Ռուսաստանը։ Աբովյանի տեսանկյունից` հենց այդ պատճառով էլ վերջին շրջանում արևմտաեվրոպական երկրների քաղաքական շրջանակները փորձում են համոզել Ուկրաինային, իսկ իրականում` ԱՄՆ–ին, ամեն ինչ անել մարտական գործողությունները դադարեցնելու համար, սակայն դա դժվար թե տեղի ունենա այս փուլում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 92-րդ օրը։