Հովհաննես Բաչկովը առաջին մեդալը բերեց Հայաստանի հավաքականին. տեսանյութ

Հովհաննես Բաչկովը Օլիմպիադայում. Արխիվային լուսանկար
Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր ընթանում են քառորդ եզրափակիչ մենամարտերը։ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից երկուսը պարտվեցին իրենց մենամարտերում։ Առաջին մեդալը մեր հավաքականի համար ապահովեց ընտրանու առաջատարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր 63.5կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում մրցեց չեխ Պետր Նովակի հետ ու հաղթանակի հասավ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

63․5 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջնության դասակարգման առաջին համարն է։ Չնայած վնասվածքին` հայ բռնցքամարտիկն առայժմ իր վարպետության շնորհիվ շարունակում է առաջխաղացումը դեպի ոսկե մեդալ։ Քառորդ եզրափակիչում Բաչկովը միավորներով առավելության հասավ չեխ Պետր Նովակի նկատմամբ ու, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովեց առնվազն բրոնզե մեդալը։

Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը(51կգ), իր առաջին մենամարտն անցկացրեց Եվրոպայի այս առաջնությունում։ Քառորդ եզրափակիչում Հովհաննիսյանը միավորներով պարտվեց իսպանիացի Մարտին Մոլինա Սալվադորին ու դուրս մնաց հետագա պայքարից։
Այսօր քառորդ եզրափակիչում իրենց մենամարտերն են անցկացնելու Արթուր Բազեյանը (57 կգ), Գուրգեն Մադոյանը(67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը(86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: