Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սան, 16-ամյա Նարեկ Մուրադյանը ոսկե մեդալով է վերադարձել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացած ուշուի Եվրոպայի առաջնությունից։ Նա հաղթել է 16-18 տարեկանների մինչև 48 կգ քաշային կարգում:
Նարեկը Հայաստանի եռակի չեմպիոն է: 10 տարեկանից սկսել է ուշու-սանդայով զբաղվել. մարզաձևի արագությունն ու տակտիկան են գրավել նրան: Ուշուի Եվրոպայի առաջնությունը Նարեկի առաջին միջազգային մրցելույթն էր, այդ պատճառով շատ է հպարտանում ոսկե մեդալով ու եզրափակիչում թուրք մարզիկի հանդեպ տարած հաղթանակով (1 ռաունդով բացարձակ հաղթանակ):
«Թուրքիայի հավաքականը մեծ թիմով էր ներկայացել առաջնությանը, և երբ հնչեց մեր հիմնը, մեր եռագույնը բարձրացավ, տեսա, որ բոլորը հոտնկայս էին, չեմ կարող ասել, թե ինչ զգացի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է պատանին։
Հաղթանակից հետո Նարեկն առաջինը մարզչին՝ Հրայր Կարապետյանին է զանգել ու լուրը հայտնել, հետո` ծնողներին: Երազում է ընկեր Հրայրի պես մարզիչ դառնալ:
«Ընկեր Հրայրը ինձ համար ավագ եղբայր է»,- ասում է նա:
Սպորտին զուգահեռ, Նարեկը սովորում է Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանում, ավտոփականագործի մասնագիտությունն է յուրացնում:
«Դեռ երկրորդ կուրսում եմ ու շատ բան չգիտեմ, բայց ուզում եմ համատեղել այս երկուսը: Սպորտը` որպես հոբբի, ավտոփականագործությունը՝ մասնագիտություն»,- նշում է նա։
Եթե Նարեկը մարզադահլիճում չէ, ապա իր բոլոր հասակակիցների պես սիրում է ազատ ժամանակը անցկացնել ընկերների հետ, ֆուտբոլ խաղալ:
Նա վստահ է՝ 2 տարի հետո լավ զինվոր է դառնալու. մարզական ուղին օգնելու է ավելի պատրաստված լինել հայրենիքի պաշտպանության գործում։
Նարեկն առաջնության էր մեկնել ընկերոջ՝ նույն մարզադպրոցի սան Գևորգ Պապոյանի հետ: Վերջինս էլ գրավել է պատվավոր երրորդ հորիզոնականը (12-14 տարեկանների մինչև 52 կգ քաշային կարգում):
Հրայր Կարապետյանը Նարեկ Մուրադյանի և Գեւորգ Պապոյանի հետ
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ուշու-գունֆուի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ, մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հրայր Կարապետյանը համոզված է, որ Նարեկն ու Գևորգը նպատակասլացության ու աշխատասիրության շնորհիվ հաղթանակի հասան։
«Հուսամ՝ մենք դեռ կլսենք նրանց մասին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հպարտությամբ ասաց մարզիչը և ավելացրեց` այս պահին էլ տղաները շարունակում են պարապել՝ պատրաստվելով հուլիսին և սեպտեմբերին կայանալիք առաջնություններին:
Նարեկի ու Գևորգի մասին հպարտությամբ է խոսում նաև մարզադպրոցի տնօրեն Ալեքսանդր Կիրակոսյանը. 8 մարզաձևերով զբաղվելու հնարավորությամբ դպրոցի տնօրենն ուրախանում է իր սաների հաջողություններով, բայց մտահոգիչ է համարում վերջին տարիներին սպորտի հանդեպ ուշադրության պակասը:
«Երեխաները հաճախ «մոդայով» են սկսում այս կամ այն մարզաձևով զբաղվել՝ կախված նրանից, թե որ մարզաձևն է այդ պահին ավելի տարածված: Սպորտի հանդեպ պասիվություն կա, ու դրա համար «շնորհակալություն» պետք է հայտնենք նորագույն տեխնոլոգիաներին»,- ասում է Կիրակոսյանը։
Նրա խոսքով` այսօր ծնողները սկսել են ավելի քիչ ուշադրություն դարձնել երեխաների առողջական վիճակին՝ սպորտը փոխարինելով ՏՏ ոլորտով, մոռանալով, որ տղաները պետք է նաև ուժեղ ու մարտունակ մեծանան:
Մայիսի 11-15-ը Բուլղարիայի գեղատեսիլ Բուրգաս քաղաքում տեղի ունեցավ ուշուի Եվրոպայի 1-ին առաջնությունը, որը կազմակերպվել էր Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի (EUWUF) հովանու ներքո։ Առաջնությանը մասնակցեցին ավելի քան 500 մարզիկներ 14 երկրներից: Հայաստանն առաջնությանը ներկայացել էր 5 մարզիկներով: Հավաքականը մեկական ոսկի ու արծաթ է նվաճել, երեք` բրոնզ։