Բեռնատարների տասնյակ կմ ձգվող հերթը Լարսում. 500 ՀՀ մեքենաներ 3-րդ շաբաթն է խցանման մեջ են

Վրաստանի տարածքում արգելափակված բեռնատարների վարորդները պնդում են, որ նման աննախադեպ խցանումների պատճառը «Վերին Լարս» անցակետն է։
Sputnik
Վրաստանում տասնյակ կիլոմետրերով բեռնատարների հերթ է գոյացել, դրանց թվում նաև Հայաստանից մեկնածներ կան։ Բեռնատարների հերթը դեպի Թբիլիսի գնացող ճանապարհին է, հայտնում է Sputnik Գրուզիան։
Հարյուրավոր բեռնատարների թվում են 500 հայկական մեքենաներ, որոնք արդեն երրորդ շաբաթն է խցանման մեջ են։ Վարորդները ենթադրում են, որ նման տեմպերով մոտ երկու շաբաթ էլ կմնան Վրաստանում։ Նրանք հուսահատված են, քանի որ յուրաքանչյուր օրվա համար նրանցից տուգանք է գանձվում, բացի այդ՝ ապրանքը փչանում է։
Բեռնատարների վարորդների խոսքով` պատճառն այն է, որ մաքսատունը չի կարողանում սպասարկել այդքան շատ թվով ավտոմեքենաներ, քանի որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ցամաքային սահմանը բաց է նաև մարդատար մեքենաների համար։
Ավելի վաղ ՀՀ կառավարության շենքի մոտ էին հավաքվել արտահանում և ներմուծում իրականացնողները։ Նրանք կառավարության շենք մտնելուց հետո խոսել էին վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության դիմումների քննարկման, ընթացքի ապահովման և խորհրդատվության բաժնի պետ Հայկ Սիմոնյանի հետ։ Հայ բեռնափոխադրողներին հստակ պատասխաններ չեն տրվել, նրանք դեռևս պետք է սպասեն։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Վրաստանում ՀՀ հյուպատոսությունը փորձում է լուծել ստեղծված խնդիրը։ Վրաստանում Հայաստանի հյուպատոս Արեն Առաքելյանի խոսքով` խնդիրը կապված է ռուսական կողմի անցակետի թողունակության հետ։ Բացի այդ, Թուրքիայից դեպի Կենտրոնական Ասիա ուղևորվող բեռնատարները նույնպես շարժվում են այս ճանապարհով։
Ներկայումս առաջարկ է մշակվում, ըստ որի, հայկական բեռնատարները տարանցիկ ճանապարհով Լարսով կանցնեն, իսկ մաքսային ձևակերպումները կիրականացվեն Վլադիկավկազի մաքսակետում։ Այն գտնվում է Չմի բնակավայրում («Վերին Լարսից» 6 կմ հեռավորությամբ)։ Որպես մաքսային ձևակերպման գոտի կօգտագործվի Վլադիկավկազի մաքսակետին հարող մեծ կայանատեղին, որը թույլ կտա օրական ևս 100-ով ավելացնել հայկական բեռնատարների թողունակությունը։
Ներկայում այդ առաջարկը մշակվում է դաշնային մակարդակով այդ թեմայով ՌԴ կառավարության որոշումը նախապատրաստելու համար:
Հայ բեռնափոխադրողները Լարսում խնդիրներ ունեն. ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՀ հյուպատոսությունը