Բարեղամ Հարությունյանը պարտվեց առաջին մենամարտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ընթանում են քառորդ եզրափակիչ մենամարտերը։ Հայաստանի հավաքականի իննը բռնցքամարտիկներ պայքարում են մեդալի համար։ Մրցումների այս փուլում հաղթանակը ապահովում է առնվազն բրոնզե մեդալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. 48 կգ քաշային կարգում Բարեղամ Հարությունյանը պարտվեց Վրաստանից Սախիլ Ալախվերդովիին։
Բարեղամ Հարությունյան-Սախիլ Ալախվերդովի մենամարտի առաջին ռաունդում բոլոր հինգ մրցավարները հաղթանակը տվեցին Ալախվերդովին։ Երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը զգալիորեն ակտիվացավ։ Բայց շտապողականությունը խանգարում էր Հարությունյանին՝ ճիշտ գրոհներ անելու ու դիպուկ հարվածներ հասցնելու համար։ Երկրորդ ռաունդից հետո էլ մրցավարների որոշումը միաձայն էր՝ հաղթում է Հարությունյանի մրցակիցը։

Երրորդ ռաունդը մենամարտի ընթացքին փոփոխություն չհաղորդեց։ Հաղթանակը շնորհվեց Սախիլ Ալախվերդովին։

Այսօր քառորդ եզրափակիչում իրենց մենամարտերն են անցկացնելու Արթուր Հովհաննիսյանը (51կգ), Արթուր Բազեյանը (57կգ), Հովհաննես Բաչկովը (63.5կգ), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ), Նարեկ Մանասյանը (92կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: