ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik, Կարինե Հարությունյան. Հայաստանում մայիսի 23-ին տեղացած կարկուտի հետևանքով մի շարք համայնքներ էական վնասներ են կրել։ Իսկ գյուղացիներից ոչ բոլորն են ապահովագրել իրենց բերքը, և հիմա հույսը պետության կողմից փոխհատուցումն է։
Լոռու գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ 4 համայնք վնաս է կրել այս կարկուտից։
«Համայնքների գնահատմամբ` կան տեղեր, որ մինչև 100 տոկոս վնաս են կրել, օրինակ, Օձունում և Լոռի բերդում։ Կարկուտի հետևանքով վնաս են կրել նաև Տաշիրն ու Ստեփանավանը»,–ասաց Թումանյանը։
Լոռի բերդ համայնքի կազմում 9 բնակավայր է մտնում. համայնքի աշխատակազմի քարտուղար Անի Մարտիրոսյանը նշում է` հիմնականում կարտոֆիլի, ցորենի, եգիպտացորենի և բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն են վնասվել։ Նրա խոսքով` միջին հաշվարկով որոշ բնակավայրեր 40-50 տոկոս վնասներ ունեն, իսկ Յաղդան, Ուռուտ, Սվերդլով (գուցե նաև` Բովաձոր) բնակավայրերը 100 տոկոս վնաս են կրել։
«Մեր 9 բնակավայրերից 5-6-ը զգալի վնասներ են կրել։ Նկարներով մարզպետարան և փրկարար վարչություն կներկայացնենք փաստերը։ Մեզ մոտ օրվա մեջ երկու անգամ է կարկուտ տեղացել»,–ասաց Մարտիրոսյանը։
Արագածոտնի մարզում, ըստ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանի, կարկուտի վնասները մեծ չեն, չնայած շատ համայնքներ կարկտահարվել են։ Ամենաշատը երկու համայնք է տուժել` Զարինջան և Կաքավաձորը, որտեղ վնասի չափը 30-40 տոկոսի է հասնում։ «Հիմնականում տնամերձ այգիներն են վնասվել` ծիրանենիները, ընկուզենիները, տանձենին ու խնձորենին։ Ուրիշ միրգ չունենք, քանի որ ջուր չկա, որ ջրեն»։
Նա հայտնեց նաև, որ Աշտարակի տարածաշրջանում կարկտահարվել է Ուջանը, Աղձքը, Ագարակը, Աշտարակ քաղաքը, Կարբին, որոնցում կարկուտը շուրջ 15 տոկոսի վնաս է հասցրել։
Արագածոտնում նույնպես բոլորը չէ, որ ապահովագրել են իրենց բերքը, իսկ նրանք, ովքեր ապահովագրել են, արդեն իսկ դիմել են համապատասխան ընկերություններին։
Վերոհիշյալ մարզերում այս պահին վնասի չափերն են հստակեցվում, որպեսզի փոխհատուցման համար դիմեն կառավարությանը։
Արմավիրի մարզում կարկուտ չի եկել։ Ինչպես Sputnik Արմենիային ասաց Արմավիրի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, չեն թողել կարկուտ լինի։ «239 հակակարկտային կայաններն ենք գործի դրվել։ Կարկուտից տուժած գյուղացիներ Արմավիրում չկան»,–ասաց նա։
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նշում է` տվյալ պարագայում պետությունից որևէ ակնկալիք ունենալն արդարացված չէ. «Կարկուտների վտանգն ամեն տարի էլ կա, և գյուղացիները պետք է ապահովագրեն իրենց բերքը։ Պետության կողմից փոխհատուցում ակնկալելը ճիշտ չէ, քանի որ պետությունն ապահովագրության ծրագրի իրականացման գործում լուրջ ներդրում է կատարել»։
Դրան զուգահեռ Պետրոսյանը նաև ներկայացրեց այն խնդիրը, որը չի թողնում, որ ապահովագրությունը մասսայականություն վայելի. գյուղացիական տնտեսությունների 5 տոկոսն անգամ չի ապահովագրում իր բերքը։
«Այստեղ խնդիր կա` ապահովագրվում են միայն գյուղացու ծախսերը, բայց պետք է հաշվի առնել, որ գյուղացին զրկվում է այն եկամտից, որն ակնկալում էր բերքը ստանալուց հետո։ Բացի այդ, ծախսերի հատուցումն էլ ապահովագրական ընկերությունից գյուղացին կարող է ստանալ տարեվերջին, ինչը նույնպես խնդիր է։ Սրա վրա պետք է ուշադրություն դարձնել` ճիշտ կլինի, որ ապահովագրական ընկերությունները մտածեն նաև եկամուտի ապահովագրման մասին»,–ասաց Պետրոսյանը։
Մի կողմից, ըստ մասնագետի, ապահովագրական ընկերությունների նկատմամբ գյուղացու կողմից վստահության պակաս կա, մյուս կողմից, այդ ընկերությունները մեծ շահագրգռվածություն չունեն գործընթացը պատշաճ մակարդակի վրա պահելու, ինչպես, օրինակ, մեքենաների դեպքում է։ Պետրոսյանը նշում է` ապահովագրական ընկերությունները պետք է մտածեն համակարգն ավելի գրավիչ դարձնելու մասին։
Ինչ վերաբերում է հակակարկտային կայաններին, ապա Պետրոսյանը դրանց կարևոր նշանակություն չի տալիս։ Նա նշում է` եթե տարիներ առաջ ենթադրում էր, որ դրանք կարող են շուրջ 50 տոկոս արդյունավետություն ապահովել, ապա հետագայում, տարիների դիտարկումների արդյունքները համադրելով, եկավ այն եզրակացության, որ այդ համակարգի արդյունավետությունը շատ փոքր է կամ կարող է զրո լինել։
Նա նշեց, որ խնդրի լուծման լավագույն միջոցն ապահովագրական համակարգից օգտվելը կլինի, եթե, իհարկե, համակարգը փորձի ընդլայնել իր հնարավորությունները, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ընտրություն կատարել` որ տարբերակից կարող է օգտվել։