ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Իսրայելի իշխանություններն ԱՄՆ-ին տեղեկացրել են, որ իրանական բանակի բարձրաստիճան սպայի են չեզոքացրել։ Տեղեկությունը հայտնում է «New York Times»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ խոսքը գնդապետ Սայադ Խոդաիի մասին է, որը զբաղեցնում էր իրանական բանակի գաղտնի ստորաբաժանման հրամանատարի տեղակալի պաշտոնը, և որին իբր հրահանգվել էր աշխարհի տարբեր ծայրերում տարբեր մարդկանց սպանել։
Պարբերականը հիշեցնում է, որ Խոդաին սպանվել է մայիսի 22-ին Թեհրանում։ Պաշտոնական Իրանը սպանության համար մեղադրում է Իսրայելին, իսկ երկրի ազգային անվտանգության խորհուրդը խոստացել է կոշտ պատասխան տալ։
Խոդաին նաև Մերձավոր Արևելքում իրականացվող գործողությունների պատասխանատուն էր, բայց նրա գործունեության ոլորտը դրանով չէր սահմանափակվում:
Ամերիկյան լրատվամիջոցը պնդում է, որ նրա թիրախների թվում են եղել նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի, Քենիայի, Եթովպիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաները։
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի վրա կրակել են 2 մոտոցիկլիստներ։ Հանցագործները հինգ կրակոց են արձակել նրա ուղղությամբ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գնդապետ Սայադ Խոդաիի սպանությունը ահաբեկչական գործողություն է որակել։