ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հույս ունի, որ այս տարի` եղանակային պայմանների ու կառավարության իրականացրած աշխատանքների արդյունքում, գյուղացիները ջրի ավելի քիչ խնդիր կունենան, քան անցյալ տարի։
Այս մասին Քերոբյանը հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մենք մեծացնում ենք մեր ներդրումները ջրային ոլորտի զարգացման մեջ։ Սա մեկ օրվա խնդիր չէ, և ձեր հարցին, թե արդյոք այս տարի գյուղացիները կունենա՞ն ջրի խնդիր, թե՞ ոչ, ես չեմ կարող պատասխանել։ Բայց այնուամենայնիվ, այն տվյալները, որ մենք ունենք այսօր ջրամբարների լցվածության վերաբերյալ , ավելի լավն են, քան անցած տարվանը։ Մենք հույս ունենք, որ այս տարի շատ ավելի քիչ ջրային պրոբլեմ կունենանք» ,– ասաց նախարարը։
Վահան Քերոբյանը նաև հիշեցրեց, որ ջրային ռեֆորմների շրջանակներում ՀՀ կառավարության ծրագրով 15 ջրամաբարների շինարարություն է նախատեսվում, որոնցից 2-ն արդեն շինարարության փուլում են։
Հիշեցնենք` գյուղատնտեսական արտադրանքի նվազումը 2021թ-ին պատկան մարմինները մեկնաբանում էին այդ տարվա անբարենպաստ չոր եղանակով ու կորոնավիրուսային ճգնաժամի թողած բացասական ազդեցությամբ։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում անկումը 2021թ–ին 2020–ի համեմատ կազմել է -1.1%։