ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը շարունակում է համայնքների խոշորացման գործընթացը։ Հերթական փուլով նախատեսվում է արդեն խոշորացված 13 համայնքները միավորել ևս 141 գյուղերի ու քաղաքների հետ, որի արդյունքում կձևավորվեն 5 նոր խոշորացված համայնքներ։
Այս գործընթացի իրականացման համար համապատասխան օրենքներում առաջարկվող փոփոխությունների նախագծերի փաթեթն այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Առաջարկում ենք այս պահին գործող 13 խոշորացված համայնքները միավորել 5 համայնքների մեջ` նկատի ունենալով, որ վերջին տարիներին անընդհատ քննարկումների արդյունքում ավելի հիմնավորված է համարվել շրջանային մոդելի նման տարբերակը։ Այս որոշմամբ փաստորեն վերադառնում ենք շրջանային մոդելին»,– ասաց Սանոսյանը։
Առաջարկվող նախագծով նախատեսվում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում ներառել հարակից 34 գյուղերը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում` հարակից 19 գյուղերը, Լոռու մարզի Ալավերդի համայնքում` Ալավերդի քաղաքն ու հարկից 27 գյուղերը, Տաշիր համայնքում` Տաշիր քաղաքն ու հարակից 23 գյուղերը, Սյունիքի մարզի Սիսիան համայնքում` Սիսիան քաղաքն ու տարածքի 35 գյուղերը։
Նախարարը նաև հայտնեց, որ նոր խոշորացված համայնքների վերջնական ձևավորումը նախատեսված է իրականացնել 2022թ–ի սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններով։ Այդ համայնքների գործող ղեկավարների պաշտոնավարման ժամկետներն ավարտվում են նոյեմբերին։
Կառավարության հավանությանն արժանացած նախագծերի փաթեթը մինչ այդ հրատապ ռեժիմով կքննարկվի ու կընդունվի ՀՀ ԱԺ–ում։