«Դիմադրություն» շարժման անդամներն ու համակիրները երթով շարժվում են դեպի կառավարություն

Կառավարությունում տեղի է ունենալու Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
Sputnik
«Դիմադրություն» շարժման անդամներն ու համակիրները Սայաթ-Նովայի պողոտայով շարժվում են դեպի կառավարության շենք։
Ակցիայի մասնակիցները պաստառներ են պահել, որոնց վրա անգլերեն գրություններ են, թարգմանաբար՝ «Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը», «Փաշինյանի ժողովրդավարությունը սուտ է»։

«Կառավարությունում տեղի կունենա Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հանդիպումը։ Մենք գնում ենք այնտեղ, որ ասենք` Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանի շահերը, և նրա հետ պայմանավորվածություններն առ ոչինչ են»,- ասաց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ Ջուկանովիչը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։