Չալաբյանին ազատ արձակելու համար երաշխավորագրեր են ներկայացրել ընդդիմադիր պատգամավորները

Ավետիք Չալաբյան
Պատգամավորները երաշխավորում են, որ Ավետիք Չալաբյանը, ազատության մեջ գտնվելով, կդրսևորի պատշաճ վարքագիծ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել։ Չալաբյանի պաշտպանական խումբն այդ երաշխավորագրերով մայիսի 25-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Տեղեկությունը հայտնում է Չալաբյանի պաշտպանական խումբը։

«Պատգամավորները երաշխավորում են, որ Ավետիք Մկրտչի Չալաբյանն ազատության մեջ գտնվելով՝ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությունը և չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց»,-նշված է հայտարարության մեջ։

Հավելենք, որ օրեր առաջ Ավետիք Չալաբյանի գործընկերներն ու համախոհները հանդես են եկել հրապարակային կոչով և հորդորել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին։
Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 23-ին միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Չալաբյանին վերագրվող հանցակազմը սահմանող հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։