«Ազովստալում» թաքնված գրոհայինները ձերբակալվել են, ականազերծման աշխատանքներն արագացվել են

ՌԴ զինծառայողները զննում են գերեվարված ուկրաինացի զինծառայողներին
ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը ներկայացրել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում կատարվող աշխատանքների ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները, որոնք թաքնվել էին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում և գերի չէին հանձնվել, հայտնաբերվել ու ձերբակալվել են։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
Լրագրողը հարցրել է` կարելի՞ է վստահաբար ասել, որ Ազովստալի տարածքում ուկրաինացի զինվորականներ կամ ազգայնականներ չեն մնացել, Պուշիլինը բացասական պատասխան է տվել։
«Առայժմ 100 տոկոսով չենք կարող ասել` ուրիշ որևէ մեկն այնտեղ կա, թե ոչ, քանի դեռ «Ազովստալի» բոլոր անկյունները մանրակրկիտ չեն ստուգվել»,- ասել է նա։
Միաժամանակ, ըստ Պուշիլինի, ոմանք կարող են մոլորված լինել, իսկ այդպիսիք առանձնապես վտանգավոր չեն։
Նա նաև հայտնել է, որ «Ազովստալում» արագացվել են ականազերծման աշխատանքները, սակայն դեռ հստակ հնարավոր չէ ասել, թե երբ կավարտվեն։
Պուշիլինի խոսքով` ուկրաինական զորքերի թողած բազմաթիվ պայթուցիկ թակարդները մաքրելու ընթացքում սակրավորների կյանքը խնայելու համար, բացի արագությունից, կարևոր է նաև անվտանգությունը։
«Ցավոք, մենք արդեն վիրավոր սակրավորներ ունենք, քանի որ հակառակորդը նույնիսկ այդ հարցում նենգ է։ Այդ պատճառով ականազերծումը շատ մանրակրկիտ է արվում», - ասել է նա։
Պուշիլինը նշել է, որ աշխատանքներն իրականացվում են տարբեր գերատեսչությունների հետ համատեղ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 91-րդ օրը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 20-ին հայտնեց, որ «Ազովստալի» տարածքն ամբողջությամբ ազատագրված է, ձեռնարկության ստորգետնյա կառույցները, որտեղ թաքնվում էին գրոհայինները, անցել են ռուսական զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ: