ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանի փողոցներով հերթական քայլերթն են անում։ Նրանք Գարեգին Նժդեհի հրապարակից երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Ճանապարհին քաղաքացիները իրենց տների պատշգամբներից ողջունում են երթի մասնակիցներին։ Շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ Ֆրանսիայի հրապարակում կարևոր հայտարարություններ են անելու։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։