ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է իր թիմին հույս տալ` ասելով, որ երկրում որևէ պրոցես չկա։ «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը։
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ասել էր, թե ընդդիմության քայլերը ոչ թե քաղաքական, այլ լոգիստիկ բնույթ ունեն։
«Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր թիմը հենց վտանգը զգաց, առաջինն իրեն է լքելու։ Տպավորությունը, թե երկրում ամեն ինչ հանգիստ է, այդպես չէ։ Այս երկրում իշխանություն չկա»,–ասաց Սաղաթելյանը։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե ժողովրդի թիկունքում որևէ բան չի անելու` Սաղաթելյանը նշեց, որ նման բան է ասում մեկը, ով 4 տարի ժողովրդի թիկունքում բանակցեց, պատերազմի ընթացքում համոզում էր, թե հաղթում ենք և հիմա էլ բանակցում է երկիրը հանձնելու շուրջ։
Սաղաթելյանը վստահեցրեց, որ իշխանությունն իր ծրագիրն ավարտին չի հասցնելու։
Հավելենք, որ շարժման մասնակիցները Գարեգին Նժդեհի հրապարակից երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։