Մեկ օրում ուկրաինացիներից և օտարերկրացիներից ՌԴ տարհանման մասին 95 դիմում է եղել

Ռուսաստանի շրջաններում շարունակվում են ժամանակավոր տեղակայման ավելի քան 9,5 հազար կետերի աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ուկրաինացիներից և օտարերկրացիներից տարհանման մասին ավելի քան 90 դիմում է եկել «թեժ գծին»: Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի Դաշնության հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի «թեժ գծին», գործադիր իշխանության դաշնային մարմիններին, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներին ու տարբեր հասարակական կազմակերպություններին Ուկրաինայի և օտարերկրյա քաղաքացիներից ստացվել է 95 դիմում՝ Ռուսաստանի, Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածք տարհանման խնդրանքով: Ընդհանուր առմամբ, տվյալների բազայում Ուկրաինայի 2 136 բնակավայրերից 2 756 697 նման դիմում կա»,- հայտնել է նա։
Միզինցևը նշել է, որ մեկ օրում մոտ 19 հազար մարդ է տարհանվել Ռուսաստան։

«Չնայած Կիևի ստեղծած բոլոր դժվարություններին, անցած օրվա ընթացքում, առանց Ուկրաինայի իշխանության մասնակցության, Դոնեցկի, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների և Ուկրաինայի վտանգավոր շրջաններից Ռուսաստանի Դաշնության տարածք է տարհանվել 18 927 մարդ, այդ թվում՝ 2 058 երեխա, իսկ ընդհանուր առմամբ հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր՝ 1 463 492 մարդ, որից 242 633-ը երեխա է»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի սահմանը հատել է 201 708 միավոր անձնական ավտոտրանսպորտ, այդ թվում 2286-ը՝ նախորդ օրվա ընթացքում։
Միզինցևի խոսքով՝ Ռուսաստանի տարածաշրջաններում շարունակում են աշխատել ժամանակավոր տեղակայման ավելի քան 9,5 հազար կետեր: Նա նշել է, որ մասնագետները ժամանող փախստականների հետ անհատական աշխատանք են տանում և օպերատիվ կերպով օգնում են լուծել հետագա բնակության, աշխատանքի տեղավորման, մանկապարտեզներ և դպրոցներ երեխաների ընդունելության, ինչպես նաև սոցիալական վճարների տրամադրման հարցերը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 91-րդ օրը։