ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է պետական դավաճանության հերթական դեպքը

Ըստ հաղորդագրության, պետական դավաճանության դիմաց զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայություններից բանկային փոխանցման միջոցով ստացել է 200 ԱՄՆ դոլար:
Sputnik
ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է՝ բացահայտել է, որ ՀՀ քաղաքացի, զինծառայող Դ. Ղ-ն՝ ծառայության բերումով տիրապետելով զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների, 2022 թվականի հունվարին Ֆեյսբուքում ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ և հավաքագրվել նրա կողմից։
Դրանից հետո, ըստ նույն աղբյուրի, 2022 թվականի հունվար-մարտն ընկած ժամանակահատվածում նա հավաքել ու բջջային հեռախոսի WhatsApp և Messenger հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ` այդկերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության։
Այդ ծառայության դիմաց նա բանկային փոխանցման միջոցով ստացել է 200 ԱՄՆ դոլար:
Պետական դավաճանության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակում Դ. Ղ-ն ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: