Չալաբյանի պաշտպանները վիճարկում են նրան մեղսագրվող հոդվածի սահմանադրականությունը

Ավետիք Չալաբյանի լուսանկարով պաստառ
Պաշտպանները հատուկ նշում են, որ միջնորդությունը բացառապես վերաբերում է քննարկվող հանցակազմի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, և որ Չալաբյանին մեղսագրվող արարքը դուրս է միջնորդության բովանդակությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։
Ինչպես նշված է պաշտպանների տարածած հայտարարության մեջ, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանող հոդվածն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 44-րդ 78-րդ և 81-րդ հոդվածներին։
«Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ խաղաղ հավաքների ազատության համատեքստում հավաքին մասնակցությունը գրավիչ դարձնելը, այդ թվում՝ նյութապես շահագրգռելու եղանակով բացառելու որևէ նպատակ, իսկ օրենսդիրը, իրականացնելով հիմնական իրավունքի սահմանափակման իր լիազորությունը, պետք է հիմնվի Սահմանադրությամբ նախատեսված նպատակների վրա: Սահմանադրությամբ նման նպատակի բացակայությունը վկայում է օրենքի լեգիտիմ չլինելու մասին»,– ասված է հայտարարության մեջ։
Պաշտպանները հատուկ նշում են, որ միջնորդությունը բացառապես վերաբերում է քննարկվող հանցակազմի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, և որ Չալաբյանին մեղսագրվող արարքը դուրս է միջնորդության բովանդակությունից։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։