Թուրքիան ու Ադրբեջանը շտապում են. «Դիմադրություն» շարժման հանրահավաքը և երթը մեկնարկել են

Բողոքի ակցիայի մասնակիցները երթով գնում են Ֆրանսիայի հրապարակ` հանրահավաքը շարունակելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երևանի Սասունցի Դավթի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
Շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձավ վարչապետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպմանն ու դրան հետևած պաշտոնական հայտարարությանը։

«Թուրքիան ու Ադրբեջանը շտապում են, որպեսզի կարողանան պատերազմում ձեռք բերած իրենց առավելությունը փաստաթղթավորել։ Շտապում են, որովհետև գիտեն` երբ կորցնեն Հայաստանում իրենց գործընկերոջը, չեն կարողանալու ավարտել այն ծրագրերը, որոնք դրված են իրենց առջև»,- ասաց Սաղաթելյանը` դրանով բացատրելով այն, որ անկախ եղանակային պայմաններից ու քաղաքական ճնշումներից, ընդդիմությունը շարունակելու է պայքարը մինչև հաղթական ավարտը։

Կարճատև ելույթից հետո Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց երթով գնալ Ֆրանսիայի հրապարակ` հանրահավաքը շարունակելու։
Հիշեցնենք` այսօր առավոտից «Դիմադրություն» շարժման անդամները շրջափակել էին ԱԳՆ շենքը` հայաստանյան դիվանագետներից պահանջելով գործել իր շահ Հայաստանի ու Արցախի։
Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև շարունակելու եռակողմ հանդիպումները` նման ձևաչափով հանդիպում նախատեսելով հուլիսին կամ օգոստոսին: Քննարկվել է նաև կողմերի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Այս համատեքստում Միշելն ընդգծել է, որ կարևոր է՝ ընթացքում քննարկվեն Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։
Այսօր արդեն երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։