ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երևանի Սասունցի Դավթի հրապարակից մեկնարկած երթը հասավ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ բողոքի ակցիան շարունակվեց հանրահավաքով։
Շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ելույթում հրապարակեց հետագա պայքարի բանաձևը։
«Պետք է տեմպը պահենք, ճնշումը` ավելացնենք։ Տեմպը պահելու համար պետք է դիմանանք, ճնշումն ավելացնելու համար պետք է շատանանք»,– ասաց Սաղաթելյանը։
Նա նաև կարևորեց առավոտյան կազմակերպվող ակցիաներին քաղաքացիների մասնակցությունը` նշելով, որ երեկոյան հանրահավաքին, որպես կանոն, ավելի շատ մարդ է մասնակցում։
«Բայց մեր քաղաքացիները պետք են առավոտը 08։00-ին, որպեսզի պարալիզացնենք ամբողջ քաղաքը, շրջափակենք այն շենքը, որ ուզում ենք ու ինչքան ուզում ենք», – ասաց նա` կոչ անելով վաղն առավոտյան 08։00-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրություն» շարժման անդամներն այսօր առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթով հասել էին Վազգեն Սարգսյան փողոց, որտեղ շրջափակել էին ԱԳՆ շենքը` հայաստանյան դիվանագետներից պահանջելով գործել իր շահ Հայաստանի ու Արցախի։