ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Հենրիխ Մխիթարյանը վստահեցրել է, որ պատրաստ է խաղալ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում։ Նախախաղային ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է «Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Ապրիլի 28-ին մրցաշարի կիսաեզրափակիչում անգլիական «Լեսթերի» հետ առաջին խաղում ստացած վնասվածքից հետո Մխիթարյանը գրեթե մեկ ամսով դուրս էր մնացել խաղերից և բաց էր թողել ինչպես կիսաեզրափակիչը, այնպես էլ Իտալիայի առաջնության մի քանի խաղ։
Մոուրինյոն հավելել է, որ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ այսօր է մարզվել թիմի հետ։ Նա երկար չի մարզվել, սահմանափակվել է հիմնական վարժություններով։ Սակայն այդ մարզումները կարևոր էին ֆուտբոլիստի համար, որպեսզի հասկանա` կարող է արդյոք դուրս գալ խաղադաշտ, թե ոչ։
«Ես վստահում եմ նրան, նա մեծ փորձ ունեցող խաղացող է, զգում է իր ֆիզիկական վիճակը։ Մարզումներից հետո նա ասաց, որ իրեն լավ է զգում և պատրաստ է խաղալ», – հավելել է Մոուրինյոն։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Ռոման» և նիդեռլանդական «Ֆեյենոորդը» կմրցեն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում։ Սա եվրոպական ակումբային նոր մրցաշար է, որը մեկնարկել է անցյալ տարվա աշնանը։