ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երևանում Արտաշես Քալանթարյանի անվամբ փողոց կանվանակոչվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց Երևանի ավագանու նիստում։
Երևան քաղաքի Ճառագայթային փողոցից մինչև Շահումյանի 7-րդ փողոց ձգվող հատվածն այսուհետ կանվանակոչվի արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի անվամբ։
Արտաշես Քալանթարյանը ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 16-ին, Երևանում:
1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Գրական թերթ» պարբերականներում, իսկ 1970-ական թվականներից մինչև 1982 թվականը եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիրը:
Արտաշես Քալանթարյանը գրել է մի շարք պիեսներ, որոնք բեմադրվել են հեռուստատեսությամբ և Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում:
Նա մեծ ճանաչում է ձեռք բերել «Մարաթոն» (1969) վեպով: Քալանթարյանի մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն:
Արտաշես Քալանթարյանը մահացել է 1991 թվականին: