ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 2023թ. հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստ տալ մինչև 2 տարեկան երեխա ունեցող բոլոր մայրերին՝ անկախ աշխատել–չաշխատելու հանգամանքից ու բնակության վայրից։
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն արդեն հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային հարթակում։
Եթե գործող օրենքի համաձայն` երեխայի խնամքի նպաստ է նշանակվում խնամքի արձակուրդում գտնվող աշխատող ծնողին ու գյուղում բնակվող ծնողին, ապա 2023թ–ի հունվարի 1-ից առաջարկվում է վերացնել այս սահմանափակումը և նպաստի իրավունք տալ բոլորին։
Նշենք, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը քաղաքաբնակ աշխատող և գյուղաբնակ չաշխատող ծնողների համար այս պահին 26 500 դրամ է, գյուղաբնակ աշխատող ծնողների համար` 53 000 դրամ: Քաղաքաբնակ չաշխատող ծնողները գործող օրենքով նպաստ չեն ստանում։
Այս կարգավորումը գործում է 2020 թվականի հուլիսի 1-ից։ Նպաստը տրվում է ամեն ամիս, մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը։
Նոր կարգավորումը նպաստի չափի վերանայում չի նախատեսում։ Այդ փոփոխությունը կարող է իրականացվել կառավարության որոշմամբ։