Գումար հափշտակելու նոր մեխանիզմով «iPhone» վաճառողները հանցագործների խաբեության զոհ են դառնում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը և զգուշացնում քաղաքացիներին նոր մեխանիզմի մասին։
Մասնավորապես, հանցագործները առքուվաճառքի կայքերում գտնում են «Այֆոն» բջջային հեռախոսների վաճառքի հայտարարություններ, զանգահարում են վաճառողին, ներկայանում որպես գնորդ և հեռախոսի վիճակին իբր ծանոթանալու համար խնդրում են իրենց «այքլաուդի» մուտքանունն ու գաղտնաբառը հավաքել հեռախոսում։
«Բջջային հեռախոսը վաճառող անձն իր հեռախոսում հավաքում է գնորդի տրամադրած «այքլաուդի» մուտքանունն ու գաղտնաբառը, ինչից հետո գնորդը փոխում է «այքլաուդի» գաղտնաբառը՝ վաճառողին զրկելով իր հեռախոսն ամբողջ ծավալով օգտագործելու հնարավորությունից։ Բացի այդ, նա ցանկացած պահի հնարավորություն է ունենում արգելափակելու բջջային հեռախոսը, ջնջելու առկա տեղեկատվությունը կամ կատարելու այլ վնասաբեր գործողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Որոշ ժամանակ անց նույն անձը կրկին կապ է հաստատում բջջային հեռախոսը վաճառողի հետ և սպառնում, որ եթե իրեն տերմինալի միջոցով չուղարկի որոշակի գումար, ապա կջնջի բջջային հեռախոսի տվյալները կամ կարգելափակի դրանք։
Նման դեպքերի վերաբերյալ մի քանի հաղորդում է ստացվել ոստիկանության բաժիններում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։
Ոստիկանությունը հորդորում է ոչ մի դեպքում չտրամադրել սեփական տվյալները, և հակառալը՝ բջջային հեռախոսներում չմուտքագրել անծանոթ անձանց անձնական օգտահաշիվների տվյալները։
Հանցագործության զոհ դարձած անձանց ոստիկանությունը հորդորում է դիմել իրեն։