ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունն ընդդիմությանը կոչ է անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի, ինչպես նաև այլ հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից։
«Վերջին օրերին հաճախակի են դարձել ցուցարարների կողմից մետրոպոլիտենի աշխատանքը խոչընդոտելու փորձերը: Այդպիսի գործողությունները ոչ միայն խախտում են այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը, այլև վտանգ են ստեղծում մետրոպոլիտենի աշխատանքի համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Իրավապահ կառույցից ընդգծում են, որ համապատասխան միջոցներ կձեռնարկեն նման գործողությունները կասեցնելու համար։
Հիշեցնենք` «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտյան վերսկսել էր քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Մետրոյի «Երիտասարդական» կայարանում մի խումբ երիտասարդներ խոչընդոտել էին գնացքների բնականոն երթևեկությունը` նստելով ու կանգնելով գնացքների դռների միջև ու թույլ չտալով, որ գնացքները շարժվեն կայարանից։ Նրանցից 3-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել, սակայն վերջիններս ավելի ուշ ազատ էին արձակվել։