«Ազովստալում» ՌԴ սակրավորները ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել

Հակառակորդն ականապատել է տարածքում գտնվող ձեռնարկությունն ու շինությունները, սակրավորները հայտնաբերում և ականազերծում են ականապատ տարածքներն ու հակահետևակային ականներով պատված ծուղակները։
Sputnik
ՌԴ ՊՆ–ն հրապարակել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում ինժեներական հետախուզման և պայթյունավտանգ առարկաներից տարածքների ականազերծման աշխատանքների տեսանյութը։
Տեսանյութից պարզ է դառնում, որ երկու օրվա ընթացքում ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա է ոչնչացվել։
«Աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի, անձնակազմն իրեն վստահ է զգում, ինժեներական հետախուզում է իրականացնում։ Երկու օրվա ընթացքում ոչնչացվել է ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա, աշխատանքները շարունակվում են», – հայտնել է ինժեներասակրավորական գնդի զինծառայողը։
ՊՆ–ում նշում են, որ հակառակորդն ականապատել է տարածքում գտնվող ձեռնարկությունն ու շինությունները, սակրավորները հայտնաբերում և ականազերծում են ականապատ տարածքներն ու հակահետևակային ականներով պատված ծուղակները, ինչպես նաև վնասազերծում չպայթած զինամթերքն ու վտանգ ներկայացնող սպառազինությունը։
Գերատեսչությունից հայտնել են, որ առավել վտանգավոր հատվածներում ներգրավվել են ականազերծման հատուկ զրահամեքենաներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 20-ին հայտնել է, որ «Ազովստալի» տարածքն ամբողջությամբ ազատագրված է, ձեռնարկության ստորգետնյա կառույցները, որտեղ թաքնվում էին գրոհայինները, անցել են ռուսական զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ:
Ընդհանուր առմամբ, ՌԴ ՊՆ-ի տվյալներով, մայիսի 16-ից զենքը վայր են դրել ու գերի են հանձնվել «Ազովի» գնդի 2439 նացիստներ և ուկրաինացի զինվորականներ, որոնք մոտ մեկ ամիս արգելափակված էին գործարանի տարածքում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 89-րդ օրը։