Առաջիկա օրերին ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն միջպետական սահմանին

ԵԽ նախագահ Շառլ Միշելը եռակողմ հանդիպումից հետո մանրամասներ է հայտնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Առաջիկա օրերին Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին սպասվում է սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը։ Այս մասին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո հայտնեց ԵԽ նախագահ Շառլ Միշելը։
Նա մի քանի կետով ներկայացրեց հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նախ նշեց, որ սահմանային հանձնաժողովի հանդիպմանը կքննարկվեն սահմանազատմանն ու կայուն իրավիճակի ապահովման հարցերը։
Ըստ Միշելի՝ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ։ Նրանք համաձայնեցրել են արևմտյան Ադրբեջանի ու Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի միջև կոմունիկացիաների, ինչպես նաև երկու երկրի կոմունիկացիոն ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի կազմակերպման սկզբունքների շուրջ հարցեր։

Մասնավորապես, Միշելի խոսքով, Փաշինյանն ու Ալիևը համաձայնության են եկել սահմանային կառավարման սկզբունքների, անվտանգության, տարածքային տուրքերի, ինչպես նաև միջազգային տրանսպորտի համատեքստում մաքսային վճարների սկզբունքների շուրջ։ Առաջիկա օրերին այս հարցով նույնպես Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը կշարունակեն գործընթացը։

Քննարկվել է նաև կողմերի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Միշելի խոսքով՝ պայմանագրի շուրջ գործընթացն առաջիկա շաբաթներին կվարեն երկու երկրի արտգործնախարարների ղեկավարած աշխատանքային խմբերը։ Այս համատեքստում Միշելն ընդգծել է, որ կարևոր է՝ գործընթացի ընթացքում քննարկվեն «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»։
Մանրամասն քննարկվել են մարդասիրական հարցերը, այդ թվում` ականազերծման և պահվող անձանց ազատ արձակմանն ու անհետ կորածների ճակատագրերը պարզելուն ուղղված ջանքերը:
ԵԽ նախագահը հանդիպմանը հատուկ ընդգծել է, որ կողմերը պետք է աշխատեն երկու երկրների բնակիչներին երկարատև կայուն խաղաղության պատրաստելու ուղղությամբ։
Միշելը հավելել է, որ կողմերը պայմանավորվել են այս ձևաչափով կրկին հանդիպել հուլիսին կամ օգոստոսին։
Միշելը նշել է նաև, որ ԵԽ-ն երկու կողմի հետ համատեղ կշարունակի աշխատանքները Տնտեսական խորհրդատվական խմբի ուղղությամբ, որը նպատակ ունի ապահովել տնտեսական զարգացում ի շահ երկու երկրի և նրանց բնակչության: