Աղվան Հովսեփյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

Հովսեփյանի փաստաբանները միջնորդում են Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, տեղեկանում ենք դատական-տեղեկատվական համակարգից։
Բողոքի բովանդակության մեջ նշվում է, որ միջնորդում են Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով:
Բողոքը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին։
Հայտնել էինք, որ մայիսի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր Աղվան Հովսեփյանին գրավի դիմաց կալանքից ազատելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Ո՞ւր են փաստաթղթերը. Աղվան Հովսեփյանը պահանջում է վերադարձնել նկարների հավաքածուն
Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի սեպտեմբերի 7-ին հայտնել է, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:
Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):
Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։