ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
«Բրյուսելում այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը»,–ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել էր, որ Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել։ Այն բաղկացած է 5 կետից.
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմը կարևոր է համարում շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի համաձայն, սակայն, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, ջանում է դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պնդելով, թե այն տարիներ շարունակ չի նպաստել խնդրի կարգավորմանը, հիմա էլ չի կարող։
Հավելենք, որ ապրիլի 6-ին ևս Բրյուսելում կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Եռակողմ հանդիպումից հետո Միշելը հայտարարեց, որ որոշել են հստակ գործընթաց սկսել խաղաղության բանակցությունների և պայմանագրի համար։