Հայաստանում միանշանակ կա քաղաքական ճգնաժամ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` վերլուծելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը։
Նշենք, որ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները նախադրյալներ չեն տեսնում ընդդիմության բողոքների համապատկերում նոր ընտրություններ անցկացնելու համար։ Նրա խոսքով` խորհրդարանի 2021 թվականի ընտրությունները պատասխանել են հայաստանյան բողոքի շարժման մասնակիցների հնչեցրած բոլոր հարցերին։
«Այն, որ երկիրը կապիտուլյացիայի տարած ուժը շարունակում է իշխել, դա վկայում է այն մասին, որ քաղաքական ճգնաժամը չի ավարտվել, առավել ևս, որ ապրիլի կեսերից լայն թափով մեկնարկեց «Դիմադրություն» շարժումը»,- ասաց Բադալյանը։
Նրա կարծիքով` «Դիմադրություն» շարժման առաջին փուլում ազգայնական ուժերը միախմբվեցին, իսկ հետո, երբ անհրաժեշտ էր, որ նրանց նախաձեռնած շարժումը ստանար ընդգրկուն տեսք, ինչ-որ բան այնպես չգնաց, և շարժումը սկսեց տեղում դոփել։
«Այդուհանդերձ, քաղաքական ճգնաժամի առկայությունը դիմադրության շարժման անդամների թվաքանակի հետ կապելը ճիշտ չէ։ Ընտրությունների կարիք, այո, կա, բայց միայն մեկ պայմանով՝ որպեսզի գործող վարչապետը դրանց չմասնակցի, և ֆինանսավարչական լծակները չազդեն արդյունքի վրա»,- ասաց քաղտեխնոլոգը։
Բադալյանի կարծիքով` այն տեսակետը, թե 2021 թվականի ընտրությունները պատասխանել են հայաստանյան բողոքի շարժման մասնակիցների հնչեցրած բոլոր հարցերին, իրականությանը չի համապատասխանում, քանի որ մեկ շաբաթ հետո նոր ընտրություններ անցկացնելու դեպքում կլինեն բոլորովին այլ արդյունքներ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին
իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։