Բրյուսելում այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Մինչ եռակողմ հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահն առանձնազրույցներ է ունեցել նախ Ադրբեջանի, ապա Հայաստանի ղեկավարի հետ։ Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետն աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Բրյուսել։
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է, որ Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել, որը բաղկացած է 5 կետից, ՀՀ-ն ի պատասխան 6 կետ է ներկայացրել։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմը կարևոր է համարում շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի համաձայն, սակայն, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, ջանում է դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պնդելով, թե այն տարիներ շարունակ չի նպաստել խնդրի կարգավորմանը, հիմա էլ չի կարող։
Հավելենք, որ ապրիլի 6-ին ևս Բրյուսելում կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Եռակողմ հանդիպումից հետո Միշելը հայտարարեց, որ որոշել են հստակ գործընթաց սկսել խաղաղության բանակցությունների և պայմանագրի համար։