Արոնյանը հաջող է խաղում Grand Chess Tour շարքի երկրորդ մրցաշարում

Լևոն Արոնյան. Արխիվային լուսանկար
Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը 27 հնարավորից 17 միավորով չորրորդ տեղում է, մրցաշարում դեռևս առավելագույն միավորներ է վաստակել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը չորրորդ տեղն է զբաղեցնում Grand Chess Tour շարքի երկրորդ փուլի Superbet մրցաշարում: Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ, որոնց թվում են աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը, համաշխարհային շախմատային թագի նախկին հավակնորդ Ֆաբիանո Կարուանան, ինչպես նաև ուժեղագույն երիտասարդ գրոսմայստերներ Ուեսլի Սոն (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան, Ռադոսլավ Վոյտաշեկը (Լեհաստան), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա) և ուրիշներ:
Գրոսմայստերները խաղում են արագ և կայծակնային շախմատի կանոններով: Մայիսի 19-21-ն անցկացված արագ շախմատի արդյունքում Արոնյանը դարձավ 5-րդը։ Մայիսի 22-ին շախմատիստները խաղացին երկու շրջանից բաղկացած բլից մրցաշարի առաջին փուլը: Արոնյանը 9 պարտիաներում տարել է 5 հաղթանակ, ունեցել 4 ոչ ոքի՝ բլիցի առաջին օրն անցկացնելով առանց պարտության։
Grand Chess Tour շարքի երկրորդ փուլի վերջին՝ վճռորոշ օրվանից առաջ Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը 27 հնարավորից 17 միավորով չորրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաև ամերիկացի Կարուանան։ Մրցաշարի առաջատարն աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն է, որը վաստակել է 19 միավոր:
Ռապիդում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ ոքիի համար՝ 1 միավոր, բլիցում՝ 1, ոչ ոքիի համար՝ 0,5 միավոր:
Մրցանակային ֆոնդը 175 հազար դոլար է, հաղթողը ստանում է 40 հազար դոլար:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 1-ից Լևոն Արոնյանը ներկայացնում է ԱՄՆ-ը: