Ուկրաինացին Դալալոյանի պատճառով հրաժարվել է ելույթ ունենալ Իտալիայում. մարզիկի արձագանքը

Մարմնամարզիկը կենտրոնացած է իր աշխատանքի վրա և մյուս մարզիկների պահվածքը նրան չի հուզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսիSputnik․ Ռուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը նշանակություն չի տալիս այն փաստին, որ ուկրաինացի Իլյա Կովտունը հրաժարվել է մասնակցել Իտալիայի ակումբային առաջնության «Վեցի եզրափակիչում»։ Այս մասին նա հայտարարել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Կովտունը հրաժարվել է մասնակցել Իտալիայում անցկացվող ակումբային առաջնությանը օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանի մասնակցության պատճառով։
«Եթե անկեղծ` նոր լսեցի այդ մասին։ Իհարկե հետաքրքրվել եմ` կլինի՞ արդյոք այդ ակումբը եզրափակիչում։ Ինձ հայտնեցին, որ այն նախընտել է ելույթ ունենալ գերմանական Բունդեսլիգայում։ Չգիտեի, որ ես որևէ առնչություն ունեմ դրա հետ։ Բացարձակ հանգիստ եմ վերաբերում դրան, ինձ համար միևնույնն է` իմ պատճառով է, թե ոչ իմ պատճառով (հրաժարվել Կովտունը,–խմբ.)։ Ես գալիս եմ իմ աշխատանքն անելու, մնացածն ինձ առանձնակի չի հուզում։ Իրենց գործն է, քննարկել և մեկնաբանել չեմ ցանկանում», – ասել է Դալալոյանը։
Ապրիլի 24-ին Դալալոյանը Իտալիայի ակումբային առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել հենացատկում։
Նշենք, որ իտալական ակումբները չեն հրաժարվել ռուսաստանցի մարզիկների հետ համագործակցությունից ի տարբերություն գերմանական թիմերի, որոնք դադարել են Ռուսաստանից մարմնամարզիկներ հրավիրել իրենց մրցումներին։
Ապրիլի 15-ին հայտնի դարձավ, որ Դալալոյանը Ռուսաստանի չեմպիոն է դարձել անհատական բազմամարտում։