Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցում բացվել է ռուս ֆիզիկոս, իրավապաշտպան, ԽՍՀՄ ակադեմիկոս, քաղաքական գործիչ, ջրածնային ռումբի համահեղինակ Անդրեյ Սախարովի հուշարձանը։
Տեղեկությունն իր Telegram ալիքում հայտնել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Դրա տեղադրումը այն դպրոցում, որը կրում է նրա անունը, նվիրված է մեծ գործչի ծննդյան 101-ամյակին: Հուշարձանի տեղադրումը, հատկապես այս ժամանակահատվածում, առանձնահատուկ խորհուրդ ունի՝ հաշվի առնելով ներկայիս իրողությունների բարդ պայմաններում մեր իրավունքների համար պայքարի շարունակությունը, ռուսական խաղաղապահ առաքելությունը և աշխարհում խաղաղության աճող պահանջարկը»,- նշել է Բեգլարյանը։
Սախարովը ժամանակին ասել է` եթե ադրբեջանցիների համար Ղարաբաղի հարցը ամբիցիաների հարց է, ապա հայերի համար` գոյատևման։
Քանդակի հեղինակը Գրիգորի Պոտոցկին է, նախաձեռնության հովանավորը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: