Այն երկրները, որոնք հայտ են ներկայացնում միջազգային զբոսաշրջային քարտեզում իրենց տեղն ունենալու համար, պետք է նաև «փաթեթավորված» լինեն, այսինքն` ունենան իրենց բրենդը, ուստի ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությունը շատ տեղին է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տուրիզմի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը։
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը, որը մարմնավորում է Հայաստանի հնագույն ժառանգությունը, անապակ բնությունը և ժայռոտ բնապատկերները, ինչպես նաև երկրի հյուրընկալությունը, հարուստ խոհանոցային մշակույթը և այդ ամենի հասանելիությունը այցելուների համար։ Բրենդի նոր կարգախոսն է` «Հայաստան. թաքնված ուղի» («Armenia, The Hidden Track»)։
Նրա կարծիքով` պետք է ակտիվ մարկետինգային արշավների միջոցով բարձրացնել Հայաստանի տեղն ու դիրքը աշխարհի զբոսաշրջային քարտեզում, որպեսզի դրա շնորհիվ ապահովվի զբոսաշրջիկների հոսքի ավելացումը դեպի Հայաստան, հակառակ պարագայում ստիպված կլինենք բավարարվել զբոսաշրջիկների այն քանակով, որն ունենք մինչ այժմ։
Անդրադառնալով հարցին, որ
Հայաստանը զբոսաշրջային առումով շատերի կողմից ընկալվել է Արցախի հետ միասին, բայց 44-օրյա պատերազմից հետո տուրերի կազմակերպման առումով առկա է նոր իրավիճակ, Գևորգյանն ընդգծեց, որ նախկինում գրեթե բոլոր տուրերում ներառվում էր նաև արցախյան ուղղությունը` չնայած այն բանին, որ միջազգային ցուցահանդեսների ժամանակ միշտ եղել են բախումներ ադրբեջանական կողմի հետ, և երբեմն բանը հասել է նույնիսկ ձեռնամարտի։
Գևորգյանի փոխանցմամբ` իրենց գործընկեր զբոսաշրջային ընկերությունները նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո հետաքրքրություն են ցուցաբերում Արցախի նկատմամբ, ցանկանում են իրենց զբոսաշրջիկներին ուղարկել դեպի Արցախ, ուստի, տուրերն ուժի մեջ են և, օրինակ, մեկ շաբաթ առաջ ռուսական մի կազմակերպությունից ստացվել էր հարցում, ինչը բավարարվեց ու կազմակերպվեց ռուս զբոսաշրջիկների այց դեպի Արցախ։
Այստեղ շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Արցախում կան ռուս խաղաղապահներ, որոնք անվտանգության երաշխավորն են և հաճախ ուղեկցում են ուխտավորներին ու զբոսաշրջրկներին իրենց նախընտրած վայրերը։