ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2022»-ի վրա շուրջ 40 հազար դոլար է ծախսել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունից։
«Հայտնում ենք, որ «Եվրատեսիլ 2022»-ին մասնակցելու նպատակով Թուրին պատվիրակություն ուղարկելու համար ծախսվել է մոտ 18 մլն դրամ, որը ներառում է ճանապարհածախսը և հյուրանոցը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ այդ ծախսերն իրականացվել են ոչ թե հեռուստաընկերության բյուջետային միջոցներով, այլ ուրիշ եկամուտների հաշվին:
Հարցին, թե արդյոք «Եվրատեսիլին» մասնակցելուց հրաժարվելը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության համար կարո՞ղ է հանգեցնել Եվրոպական հեռարձակողների միության անդամակցությունից զրկվելուն, մամուլի ծառայությունից պատասխանել են, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) կարևորագույն նախագծերից է, որը ոչ միայն ԵՀՄ-ի, այլև անդամ և մասնակից բոլոր հանրային հեռարձակողների համատեղ հեռուստատեսային արտադրանք է:
Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հանրային հեռարձակող անդամ, որը գտնվում է Եվրոպայի տարածքում (բացառություն է միայն ավստրալական «SBS» հեռուստաընկերությունը) որևէ ձևով մասնակցություն է ունենում նախագծի իրականացմանը:
«Հիմնավոր պատճառով մրցույթին մասնակցելուց հրաժարվելը չի կարող ուղղակիորեն հանգեցնել ԵՀՄ-ի անդամակցությունից զրկմանը, սակայն կախված հանգամանքներից՝ կարող է առաջ բերել ֆինանսական կորուստներ և անդամակցությանն առնչվող խնդիրներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022»-ի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը Snap երգով զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։