Բրյուսելում եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում. ՀՀ ԱԽՔ

Ամենայն հավանականությամբ` կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ «Արմենպրեսի» հարցին ի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետների համանախագահությամբ, և բարձրագույն մակարդակում ձեռքբերված պայմանավորվածությունների քննարկումները այդ ֆորմատով պիտի շարունակվեն: Նույնը կարելի է ասել նաև մյուս հարցերի մասին, որոնք ավելի մանրամասն քննարկվում են աշխատանքային ֆորմատներով»,–ասել է Գրիգորյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանի հետ քննարկումների ընթացիկ օրակարգում են հարաբերությունների կարգավորման կամ, այսպես կոչված, խաղաղության բանակցությունների մեկնարկի համար Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած կետերը։
Գրիգորյանի խոսքով` օրակարգում ներառված է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի և անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր:
ՀՀ ԱԽՔ–ը հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու առաջարկ է ուղարկել։ Այն բաղկացած է 5 կետից.
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմը կարևոր է համարում շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և մանդատի համաձայն, սակայն, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը՝ ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի, ջանում է դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պնդելով, թե այն տարիներ շարունակ չի նպաստել խնդրի կարգավորմանը, հիմա էլ չի կարող։