«Ամո'թ». ընդդիմադիրները երթով հասան կառավարական ամառանոցների մուտքի մոտ

Սաղաթելյանը դիմեց Փաշինյանին ու կոչ արեց անարյուն հեռանալ։
Sputnik
«Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից հասան Պռոշյան փողոց` կառավարական ամառանոցների մուտքի մոտ։
Նրանք այնտեղ վանկարկում են` «ամո՛թ», «Նիկո՛լ, դավաճա՛ն»։
«Մենք այստեղ ենք հիմնական ուղերձով` դու հայ ժողովրդի անունից մեր երկիրը ներկայացնելու մանդատ չունես, քո ձեռք բերած որևէ պայմանավորվածություն առոչինչ է։ Նիկո՛լ, դու մի բան ունես անելու` պետք է գնաս, որպեսզի Արցախը մնա հայկական, հայ մարդն ապրի արժանապատիվ, որպեսզի մենք ունենանք ուժեղ, արդար և ժողովրդավար Հայաստան։ Դու շանս չունես ու չես կարող մոլորեցնել մեր ժողովրդին»,– դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ասաց շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նա կոչ արեց Փաշինյանին հեռանալ ու ընդգծեց` այդ գործընթացը պետք է անարյուն իրականանա, քանի որ իրենց պայքարն անկասելի է ու չի կարող պարտություն ունենալ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։