Այս իրավիճակի պատասխանատվությունն ինչ-որ չափով կրում եք նաև դուք. Սաղաթելյանը` Վիկտորինին

Նա նշեց, որ Հայաստանում պետք է վերանա ատելության խոսքը, սակայն դա պետք է լինի «առանց Նիկոլ Հայաստանում»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորնի` Հայաստանում ատելության խոսքի վերաբերյալ հայտարարությանը։
Դեսպանն ասել է, որ իրեն Հայաստանում անհանգստացնում է ատելության խոսքը։ Նա շեշտել է, որ ցնցված է այն խոսքերի պատճառով, որոնք օգտագործվում են Հայաստանում` նույնիսկ պետական հաստատություններում ու Ազգային ժողովում։
Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ Սաղաթելյանը նշեց, որ ինքը նույնպես ցնցված է Հայաստանում գոյություն ունեցող ատելության մթնոլորտից։

«Հայաստանում ատելության մթնոլորտ ստեղծողը կոնկրետ հասցեատեր ունի` անունը Նիկոլ Վովայի Փաշինյան։ Երբ վարչապետի աթոռին հայտնված անձը Աժ-ում ասում էր «թաթիկներդ կկտրեմ», «կծեփեմ ասֆալտին», ընտրարշավի ժամանակ էլ մուրճը ձեռքին վազում էր համայնքի ղեկավարների հետևից ու ասում էր, որ ընդդիմադիրներին «կբռնի ու կշինի», տիկին Վիկտորի՛ն, ձեզանից ոչ մեկը ձայն չէր հանում։ Այսօրվա այս իրավիճակի պատասխանատվությունն ինչ-որ չափով կրում եք նաև դո՛ւք»,- ասաց Սաղաթելյանը։

Նա շեշտեց` Հայաստանում ատելության խոսքը պետք է վերանա, որպեսզի լինի համերաշխություն, սակայն, ըստ ԱԺ փոխխոսնակի, այդ ամենը պետք է լինի «առանց Նիկոլ Հայաստանում»։ Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։