Ընդդիմադիր պատգամավորները մտան հյուրանոց. այնտեղ է նաև Նիկոլ Փաշինյանը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մտան «Մարիոթ» հյուրանոց, որտեղ «Հայկական ժողովրդավարություն» խորագրով համաժողով է անցկացվում։
Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենք ցանկանում են ներսում գտնվողներին ցույց տալ Հայաստանում տիրող իրական ժողովրդավարությունը։
Այժմ հյուրանոցում են գտնվում պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Ագնեսա Խամոյանը, Արամ Վարդևանյանը, Ասպրամ Կրպեյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը, Աննա Մկրտչյանը և այլք։
Խամոյանն ուղիղ եթերով հայտնեց, որ իրենց թույլ չեն տալիս մուտք գործել այն սրահ, որտեղ ընթանում է համաժողովը։ Նրա խոսքի ընթացքում երևաց, որ ընդհարում տեղի ունեցավ պատգամավորների և Փաշինյանի անվտանգության աշխատակիցների միջև։
«Սա է նրանց ժողովրդավարությունը։ Փակ դռների հետևում քննարկում են, թե ինչ է հայկական ժողովրդավարությունը և թույլ չեն տալիս պատգամավորներին մուտք գործել և ասել, թե իրականում ինչ է կատարվում ՀՀ–ում»,– ասաց Աննա Գրիգորյանը։
Բոլորը սկսեցին վանկարկել. «Ամոթ», «Shame»։
Oրեր առաջ Թրեյսին ասել էր, որ ԱՄՆ-ն հանձնառու է օգնել հայ ժողովրդին` կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրել է 2018 թվականին ու վերահաստատել 2021-ի ընտրություններին։
Ընդդիմադիրները «Մարիոթի» մոտ են եկել, որպեսզի ներկայացնեն փաստեր, որ ՀՀ–ում խոսքի ազատությունը, մամուլը և ժողովրդավարությունը ոտնահարված են։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։