Սպասում ենք Լիտվայի նախագահին. «Դիմադրություն» շարժման անդամները Մատենադարանի մոտ էին

Սևակ Նազարյանն ընդգծել է, որ Լիտվայի պատվիրակությունը ՀՀ ներկայիս իշխանությունների պատճառով Երևանում տեղաշարժվել է ոստիկանական պատնեշների հետևից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են Մատենադարանի մոտ և այժմ սպասում են Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային, որպեսզի վերջինիս ուղերձ հղեն։
Այս մասին հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ վարչության ներկայացուցիչ, շարժման անդամ Սևակ Նազարյանը։

«Մենք իր միջոցով մեր ուղերձները կփոխանցենք նաև միջազգային հանրությանն ու ԵՄ-ին։ Ասելու ենք, որ Հայաստանը միայն այս իշխանությունների ներկայացրած կողմը չէ, Հայաստանն ունի ժողովրդի լայն աջակցություն վայելող հակառակ կողմ։ Սա նշանակում է, որ այս իշխանությունները չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը և իրավունք չունեն մեր անունից խոսելու»,- նշեց Նազարյանը։

Նա ընդգծեց, որ Լիտվայի պատվիրակությունը ՀՀ ներկայիս իշխանությունների պատճառով Երևանում տեղաշարժվել է ոստիկանական պատնեշների հետևից։
Շարժման անդամները պնդում են, որ իրենք հավաքվել են այդտեղ, քանի որ ցանկանում են ժողովրդավար հայրենիք ունենալ։
Մատենադարանի մոտ հավաքված ընդդիմադիրները նաև վանկարկում էին «պայքա՛ր»։
Քիչ անց Լիտվայի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների ավտոշարասյունն անցավ ցուցարարների կողքով՝ առանց կանգ առնելու։ Ցուցարարները դժգոհեցին` նշելով, որ Լիտվայի նախագահը չօգտագործեց իր շանսը՝ տեսնելու, թե երկրում իրականում ինչ է կատարվում։ Նրանց խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան փորձում է օգտագործել քաղաքական պրոպագանդայի համար։ «Փաշինյանը փորձում է օգտագործել բոլոր օտարերկրյա ներկայացուցիչներին` ըստ իր նպատակահարմարության»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ ավտոշարասյան անցնելու ժամանակ ցուցարարները վանկարկում էին «Նիկո՛լ, դավաճա՛ն»։
Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել մայիսի 19-ին, հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Նաուսեդան և իր գլխավորած պատվիրակությունը եղել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։