ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Երևանում հերթական ՃՏՊ–ն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ժամը 14:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Shamshyan.com–ը որոշ մանրամասներ է հայտնում։ Ըստ կայքի` Գարեգին Նժդեհի փողոցում շղթայական ավտովթար է տեղի ունեցել, և 6 մեքենաներ են բախվել իրար։
Փրկարարները մեքենաներից մեկի միջից դուրս են բերել վարորդին, իսկ շտապօգնության բժիշկների խումբն արձանագրել է նրա մահը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։