ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. 3-րդ բանակային զորամիավորում աշխատանքային այցի շրջանակում, այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա մի շարք զորամասեր և մարտական դիրքեր։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում ծանոթացել է ստորաբաժանումների շտաբային և զորանոցային շինությունների վերանորոգման ընթացքին, զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ տվել շինարարական աշխատանքները պատշաճ մակարդակով և ժամանակին կատարելու վերաբերյալ։
Պապիկյանը զորամասի հուշապատի մոտ հարգանքի տուրք է մատուցել44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին, այնուհետև ուղևորվել հանրապետության հյուսիսային սահմանագիծ, շրջել մարտական դիրքերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային և պայմանագրային զինծառայողների հետ։ Պաշտպանության նախարարը պարգևատրել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։
Պապիկյանը զորամասի հուշապատի մոտ հարգանքի տուրք է մատուցել44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին
© Photo : official site of MoD of RA
Դիրքապահների հետ զրույցի ընթացքում Պապիկյանը ներկայացրել է զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը միտված՝ պետության կողմից մշակվող սոցիալական, մասնավորապես՝ բնակարանային ապահովման ծրագրերը, ինչպես նաև արդեն ընթացքում գտնվող և առաջիկայում մեկնարկող բարեփոխումները, որոնք կոչված են էապես բարձրացնել զինված ուժերի մարտական պատրաստության մակարդակը։
Պապիկյանն այցելել է հյուսիսային սահմանագիծ, շրջել մարտական դիրքերում, եղել զորամասերում
© Photo : official site of MoD of RA