Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի ու Նորվեգիայի իր պաշտոնակիցների հետ

Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարների հանդիպումը
ԱԳ նախարարների հանդիպումներում, ըստ ՀՀ ԱԳ պաշտոնական հաղորդագրության, չեն շրջանցվել նաև Արցախի ու տարածաշրջանում խաղաղության օրակարգի հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրինում անցկացվող ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակում հանդիպումներ է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի ու Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ:
Արարատ Միրզոյանն ու Աննիկեն Հյուիթֆիլդը մտքեր են փոխանակել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ:
Նախարարների հետ հանդիպումներում, ըստ ՀՀ ԱԳ պաշտոնական հաղորդագրության, չեն շրջանցվել նաև Արցախի ու տարածաշրջանում խաղաղության օրակարգի հարցերը։
Մասնավորապես` 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների համատեքստում Միրզոյանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունը։
Նշված խնդիրների լուծման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության համարժեք քայլերի անհրաժեշտությունը:

Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Պաշտոնակիցների հետ հանդիպումներում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգերին առնչվող հարցերին։ Ընդգծվել են քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համատեղ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը, հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունն ու բարձրաստիճան այցերի ինտենսիվության բարձրացման կարևորությունը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Արարատ Միրզոյանը մայիսի 19-20-ը աշխատանքային այցով կլինի Թուրինում (Իտալիա)` մասնակցելու Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքներին: