Մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Վանգելիսը. Տիգրան Մկրտչյանը ցավակցություն է հայտնել

Վանգելիս
Հանրահայտ կոմպոզիտորը բուժվում էր Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. 79 տարեկանում մահացել է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Վանգելիսը։ Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը ցավակցել է նրա հարազատներին ու ընկերներին։

«Ցավով տեղեկացանք մեծանուն հույն կոմպոզիտոր, հանճարեղ Վանգելիս Պապատանասիուի մահվան մասին: Նա, հիրավի, 20-րդ դարի, ինչպես նաև մեր դարաշրջանի դասական, բայց նաև էլեկտրոնային երաժշտության ամենակարկառուն ներկայացուցիչներից էր: Վանգելիս Պապատանասիուի աստվածային երաժշտությունը, վստահաբար, կշարունակի հարատևել՝ հարստացնելով մեզանից յուրաքանչյուրին: Ցավակցում եմ նրա հարազատներին և ընկերներին անփոխարինելի կորստի համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Վանգելիսի գլուխգործոցները քաջածանոթ են աշխարհի բոլոր անկյուններում: Նրա ստեղծագործությունները տեղ են գտել հայտնի գեղարվեստական և վավերագրական ֆիլմերում, իսկ դրանց կատարումներով հանդես են եկել աշխարհի լավագույն նվագախմբերը և մենակատարները:
Նա երաժշտություն է գրել «Կրակե կառքեր», «Շեղբի վրայով վազողը», «Ալեքսանդր», «Անհետ կորածը», «Անտարկտիկա», «1492. Քրիստափոր Կոլումբոս», «Էլ Գրեկո» և այլ ֆիլմերի համար:
Ըստ տեղեկությունների` կոմպոզիտորը վարակվել էր կորոնավիրուսով և բուժվում էր Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում։