Իլհամ Ալիևը համոզված է, որ բողոքի գործողություններին մասնակցում է ընդամենը 4-5 հազար մարդ, իսկ Թուրքիայի իշխանությունների համար հիմք են ծառայում անցած տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ահա, թե ինչ է ասում Թուրքիայի Մեջլիսի խոսնակ Մուստաֆա Շենթոփը. «Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի ժողովուրդը կողմ է Փաշինյանի քաղաքականությանը՝ ուղղված Ադրբեջանի հետ խնդիրների լուծմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Իհարկե, հիմա որոշ ներքաղաքական խնդիրներ կան, բայց տեսանք, որ Հայաստանում խելամիտ քաղաքական գործիչներն ու ժողովրդի մեծամասնությունը խաղաղություն են ուզում: Իսկ ո՞վ է խափանում այս ջանքերը։ Նախ և առաջ՝ հայկական սփյուռքը, որի գործողությունները տնտեսական և անվտանգության տեսանկյունից միայն վնասում են Հայաստանին»։
Կողմ ենք. բայց խաղաղության բանակցություններից հետո այդ խաղաղությունից որևէ բան կմնա՞
© Sputnik
Էստեղ, իհարկե, շատ կարևոր նրբություն կա։ Երևանյան ցույցերի և հանրահավաքների ժամանակ, իրոք, ոչ մի անգամ պատերազմի կոչեր չեն հնչել։ Բայց բոլորի մտահոգությունը շատ կոնկրետ է՝ ինչպիսի՞ խաղաղության մասին են խոսում, և ինչպե՞ս են այդ խաղաղությունը պատկերացնում ադրբեջանցիներն ու թուրքերը։ Վերցրեք, թեկուզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ վեճը։ Գիտեք երևի` Հայաստանը ընդունելի համարեց Ադրբեջանի ներկայացրած բոլոր 5 առաջարկները։ Բայց երբ Հայաստանն էլ փոխանցեց իր 6 կետերը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասաց. «Եթե նայենք այդ փաստաթղթին, դա չի կարելի անվանել առաջարկներ։ Հայկական կողմի ներկայացրած փաստաթուղթը հանդիսանում է արձագանք ադրբեջանական առաջարկներին։ Ես կարող եմ թվարկել այդ արձագանքի 6 կետերից մի քանիսը, և դուք ևս կարող եք ենթադրություններ անել, թե որքանով դրանք կարելի է առաջարկներ անվանել»։
Եվ, ի վերջո, Բաքուն մերժեց նույնիսկ այն առաջարկները, որոնք պարզապես «արձագանք» էր որակում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վկայեց. «Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում նաև Ղարաբաղի հետագա կարգավիճակն ու անվտանգությունը ներառելու՝ Երևանի առաջարկը: Մինչ այժմ մենք Ադրբեջանից դրական արձագանք չենք ստացել այս առաջարկներին, բայց ջանքեր են գործադրվում, որպեսզի այդ բանակցությունները հնարավոր դառնան»,- նշել է մեր արտգործնախարարը։
Ահա, այսպես է սկսվում խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Ավելի ճիշտ, դեռ ոչինչ չի էլ սկսվել, իսկ Բաքուն արդեն մերժել է մեր առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության հարցի քննարկման վերաբերյալ։ Այսինքն` Իլհամ Ալիևը հասկացնում է՝ քանզի Լեռնային Ղարաբաղ այլևս չկա, այդ հարցի քննարկումն էլ լրիվ անիմաստ է։ Եվ այսպես՝ ապագա բանակցություններում քննարկվելիք բոլոր հարցերում։
Օրինակ` Հայաստանի իշխանությունները մի 1000 անգամ հաստատել են՝ մենք, այսպես ասած՝ «միջանցքային տրամաբանությունը» չենք ընդունում։
Օրինակ` Հայաստանի իշխանությունները մի 1000 անգամ հաստատել են՝ մենք, այսպես ասած՝ «միջանցքային տրամաբանությունը» չենք ընդունում։
Այնինչ, Բաքուն ոչ միայն համառորեն շարունակում է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին, այլև ակնարկում է՝ եթե նույնիսկ չվերականգնեք կոմունիկացիաները ձեր տարածքում, կտուժի միայն ու միայն Հայաստանը, որը պիտի հրաժարվի տարածաշրջանային խաչմերուկ դառնալու իր նվիրական երազանքից։ Իսկ Բաքուն արդեն սկսել է իրականացնել Իրանի տարածքով բուն Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը։ Իսկ մենք դեռ վիճում ու վիճում ենք, թե ինչ կարգավիճակ պիտի ունենա ճանապարհը, եթե այն անցնի Մեղրիի շրջանով։
Ճիշտ նույն «ճնշումային» տրամաբանությունն է գործում նաև սահմանազատման հարցում։ Չեն հասցնում մեր իշխանությունները հայտարարել, թե անկլավների հարց չկա, Բաքուն անմիջապես արձագանքում է՝ ինչպե՞ս թե չկա, իհարկե, կա և բոլոր առանձնատարածքները պատկանում են Ադրբեջանին։ Լսենք փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովին. «Անկլավները՝ Ղազախի շրջանի 7 գյուղեր և Նախիջևանի Քյարքի (Հայաստանի Տիգրանաշեն) գյուղը, Ադրբեջանի տարածքն են, և Ադրբեջանին դրանք վերադարձնելու հարցերը, ի թիվս այլ հարցերի, պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման շրջանակում»։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փաստել է. «Նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը և հանգիստ մթնոլորտում աշխատելուն։ Հույս ունենք, որ այդպիսի հայտարարություններ հնարավորինս քիչ կլինեն»։
Այսինքն` Ադրբեջանը շատ կոնկրետ տարածքային պահանջներ է ներկայացնում, մենք ընդամենը խնդրում ենք՝ լավ էլի՛, եկեք շրջանցենք այդ տհաճ խնդիրները։ Ինչ կարելի է ասել՝ բոլորս էլ խաղաղության կողմնակից ենք, բայց այսքանից հետո այդ բաղձալի արդար խաղաղությունից ի՞նչ է մնալու։